Փետրվարի 11-ը՝ Սուրբ Սարգսի տոնն է, փետրվարի 14-ը՝ սիրահարների միջազգային տոնը, Սուրբ Վալենտինի օրը: Բոլոր սիրահար սրտերի ամենասպասված տոները: Ոմանք սպասում են դրան, որ սեր խոստովանեն, ոմանք՝ առաջարկություն, ոմանց համար էլ՝ երկար սպասված հարսանիքի: Ամեն մեկը յուրովի է փորձում անցկացնել այն:
Loveyou.am զրուցեց այս թեմայով հայտնի երգիչ, սիրող ամուսին ու նուրբ հոգի տեր մարդ Հայկո Հակոբյանի հետ:
- Հիշո՞ւմ եք Ձեր առաջին «վալենտինը»
Օ՜, դժվար մտաբերեմ:
- Տոնո՞ւմ եք:
Այո՛, մենք սիրում ենք նշել այդ տոնը. դրական լիցքերով ու լավ օր է: Ամբողջ աշխարհն է այն նշում: Բայց ես, որպես իսկական հայրենասեր, հակված եմ տոնել նաև Սուրբ Սարգսի օրը, որովհետև այն մեր եկեղեցական տոնակատարությունն է: Ես, ընդհանրապես, կողմ եմ մեր ազգայինի: Թեև, Սուրբ Վալենտինի օրվա մեջ էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Վերջ ի վերջո, բոլոր սիրահարների տոնն է, ինչո՞ւ գեղեցիկ չտոնել:
- Ի՞նչ խորհուրդ կտաք սիրահարներին այդ օրվա կապակցությամբ:
Եթե մարդիկ սիրում են միմյանց, ապա՝ օրացուցային տոները չպետք է մեծ նշանակություն ունենան: Նկատի ունեմ, պարտադիր չէ սպասել այդ օրվա, որպեսզի հիշեն ու նշեն: Սիրող զույգերը պետք տոնեն սիրո տոնը ամեն օր: Իսկ այդ օրը՝ առիթ է, որպեսզի զույգերը յուրահատուկ ձևով փառաբանեն իրենց սերը: Օրինակ, իմ դեպքում Անահիտը անընդհատ հետաքրքիր անանկալներ է մատուցում: Համարում եմ, որ անակնկալները այդքան էլ կարևոր չեն: Թող, որ սիրահարներ ամեն օր անակնկալներ մատուցեն, օրն էլ անմոռանալի կանցնի:
- Ի՞նչ կմաղթեք սիրահարներին:
Մաղթում եմ, որ գնահատեն ու փայփայեն իրար ու օրերն ապրեն արժանապատիվ, որովհետև կյանքը անկանխատեսելի է: Թող որ ամեն օրը ապրեն իբրև վերջինը: Ես համոզված եմ, որ դա նրանց ավելի հարազատ կդարձնի: Կարծում եմ նաև, որ նրանք պետք է սիրով շրջապատեն միմյանց: Այդ զգացմունքը և՛ զարդարում է, և՛ մարդկանց բարի է դարձնում, դրդում նոր սխրանքների: