«Պետք չէ երազանքի իրականացումը հետաձգել, որովհետև խանգարող հանգամանքներ միշտ կլինեն». Ստելլա Ակլյան

Стелла Аклян

Ասում են՝  երջանիկ է այն մարդը, ով ինքնաբավ է կենսագործունեության բոլոր դրևորումներում: Մեր զրուցակիցը՝ իր կենսագրությամբ ապացուցում է դա: Երիտասարդ է, գեղեցիկ, պրոֆեսիոնալ է բիզնեսում, ընտանիքում:
Սիրող ու սիրված կին է, նվիրված ու կատարյալ մայր: Համատեղում է սիրելի գործը ու ընտանիքը, ինչը իսկական շքեղություն է, որը ոչ բոլորին է հասու: Դա բնորոշ է միայն ուժեղ, նպատակասլաց կանանց, ովքեր ձգտում են ներդաշնակության:
     «Հայկական տեղեկատվական կենտրոնի» տնօրեն, երիտասարդ հասարակական գործիչ Ստելլա Ակլյանը համապատասխանում է վերոնշյալ հատկություններին, վստահ է իր ուժերին ու գիտելիքներին, կարողանում է ճիշտ ու պատասխանատու որոշումներ կայացնել: Եվ այսօր այս հաջողակ, ժամանակակից աղջիկը կանկեղծանա մեզ հետ՝ հաջողության իր գաղտնիքներով:

     Հաջողության հասնելու համար պետք է ցանկություն ունենալ որևէ բան անելու, չվախենալ փորձություններից. Ստելլայի հետ մեր զրույցը սկսեցինք հաջողության բանաձևից. «Պետք չէ ուղղակի նստել, երազել՝ այլ գործել: Կարևոր է չընկճվել ձախողումներից ու հստակ գիտակցել, թե որն է ցանկալի վերջնական նպատակը»:

     Զրուցակիցը համոզված է, որ յուրաքանչյուր անհատ՝ անկախ կրթությունից, սոցիալական դիրքից ու վիճակից, ունի հնարավորություն հաջողության հասնելու. պարզապես անհրաժեշտ է ձերբազատվել ծուլությունից, բոլոր հնարավոր «երևի»-ներից և մեծացնել սովորելու ձգտումն ու արարելու ցանկությունը։

     «Պատմության մեջ նման դեպքերը բավականին շատ են, երբ մարդիկ ոչնչից ստեղծում են մի ամբողջ կարողություն, և շատ հաճախ անելանելի թվացող իրավիճակը ծնում է այնպիսի մեծ ուժ պայքարելու և ահռելի մեծ ձգտում ավելիին հասնելու, որի դեմ մնացած բոլոր կարողություններն անզոր են։ Պետք չէ երազանքի իրականացումը հետաձգել, որովհետև խանգարող հանգամանքներ միշտ կլինեն, և պետք չէ չափազանց շտապել վերջնական արդյունքը տեսնելու համար», - ասաց Ակլյանը:

     Շարունակելով ֆորտունայի թեման, եկանք այն եզրակացության, որ իրականում ավելի հետաքրքիր ու բովանդակալից կարող է լինել հենց ճանապարհը, որը տանում է դեպի նպատակի իրականացման, քանզի կյանքի կոչված ցանկացած նպատակին հաջորդում է մեկ այլ, ավելի բարդ ճանապարհ, որը տանում է դեպի ավելի մեծ նպատակի իրականացում:

     Անցում կատարելով յուրաքանչյուր գործունյա կնոջ թիվ մեկ մտահոգության՝ կապված աշխատանքը, ընտանեկան կյանքը և երեխաների դաստիարակությունը համատեղելու հետ, Ստելլան ասաց, թե չգիտի որքանով է կատարելապես ստացվում, որքանով թերի, բայց նա այն անհատականություններից է, որոնք մերժում են «չեմ կարող» արտահայտությունը:

     «Ես այն մարդկանցից եմ, որոնք կտրականապես հրաժարվում են օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «անհնար է», «դժվար է», «հոգնում եմ»՝ փորձում եմ առաջ շարժվել», - շեշտեց նա։

     Մեր զրուցակիցը առաջնորդվում է այն սկզբունքով, որ ամեն ինչ հնարավոր է, երբ ունես ցանկություն ու ձգտում, և որ ամենակարևորն է՝ հասկացող ու գնահատող կողակից, առանց որի աջակցության ամեն ինչ ավելի բարդ կլիներ:

     Միևնույն ժամանակ, Ստելլան նշեց, որ կան մարդիկ, որոնք նախընտրում են կարիերան, այն ընտանիքից առավել կարևոր դասելով, և հակառակը:

«Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեղադրել այդպիսի կանանց, քանի որ յուրաքանչյուրի կյանքը իրենն է և ինքն է որոշում կայացնողը, բայց ես այն երջանիկներից եմ, ում, կարծում եմ, հաջողվել է համատեղել և՛ կրթությունը, և՛ աշխատանքը, և՛ ընտանիքը»:

Որպես ամփոփում հարցադրման՝ Ստելլան շնորհակալություն հայտնեց իր դստրիկին, որ ծնված օրվանից ըմբռնումով է մոտենում մայրիկի որոշումներին, քանի որ նա երկու ամսականից սկսած իր հետ միասին մասնակցում է ողջ աշխատանքային ընթացքին, բոլոր միջոցառումներին ու հանդիպումներին, ինչպես խելացի ու գիտակից անձնավորություն՝ առանց որևէ խնդիրներ առաջացնելու։

«Չափազանց կարևորում եմ ծնողի՝ հենց մոր դերը երեխայի կյանքում և դաստիարակության գործընթացում, այդ իսկ պատճառով օգտվելով ամուսնուս և ճակատագրի՝ ինձ ընձեռած հնարավորությունից՝ փորձել եմ ամեն հնարավոր վայրկյանս անցկացնել երեխայիս հետ, մոտ լինել նրան, աշխատանքային պրոցեսում ընդմիջումներ հատկացնել՝ նրա հետ շփման համար, աշխատել այն ընթացքում, երբ նա քնած է կամ զբաղված խաղերով։ Դժվար շրջանն արդեն անցած եմ համարում»։

Ինչ խոսք, չափազանց կարևոր է կնոջ կյանքում ներդաշնակությունը, երբ ձգտում ես կատարելության, կողքիդ են սիրելիները, ունես սիրելի աշխատանք, ունես պրոգրեսիվ հայացքներ, հավատում ես գիտելիքի ուժին և միշտ նոր բան ես սովորում ու ամենակարևորը՝ ունես վստահելի ամուսին ու չքնաղ դուստր, որոնց համար պատրաստ ես ցանկացած խենթության:
Իր երջանիկ ընտանիքը ստեղծած և կանացի ներդաշնակությունը վայելող մեր զրուցակիցը միամսյակի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղղեց հայ կանանց և աղջիկներին՝ ընդգծելով. «Փորձեք գտնե՛լ ինքներդ ձեզ և մի՛ վախեցեք փոփոխություններից: Ստեղծե՛ք, արարե՛ք, հաղթահարե՛ք ու հասեք հաղթանակների՝ գործի դնելով սեփական գիտելիքներն ու կարողությունները: Սիրե՛ք ու եղեք սիրված և գնահատված ձեր կողակցի, երեխաների, ընկերների ու հարազատների կողմից»։

Զրուցեց՝ Միքայել Մարգարյանը 

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions