Շտապում եք կարևոր հանդիպման, պետք է մասնակցեք որևէ իրադարձության, կամ, պարզապես՝ գրասենյակային աշխատանքի եք: Միևնույն է՝ ամեն անգամ կանգնում եք կարևոր հարցի առջև. ի՞նչ հագնել այսօր: Արտաքին տեսքն էլ ավելի կարևոր է բիզնես-հանդիպումների, գործնական առաջարկություններ քննարկելու և հետագա հաջողություններն ամրապնդելու համար: Որքան էլ ասեն, որ խաբուսիկ է արտաքինը, այն շարունակում է մնալ առաջին տպավորության կարևոր նախապայման: Հետևաբար՝ հագուստ ընտրելիս մի մոռացեք նպատակի մասին: Ստորև՝ մի քանի կարևոր խորհուրդ գործարար մարդկանց համար:
Dress code ոչ գլխավոր աշխատակիցների համար
Կազմակերպության գրասենյակի ղեկավարները, մենեջերներն ու այլ ադմինիստրատիվ աշխատակիցներ, ովքեր հրավիրված են ընթացիկ բանակցություններին, պետք է հիշեն, որ իրենք անմիջական ղեկավար չեն, և հագուստն ընտրեն ըստ այդմ: Այս պարագայում հարկավոր է պարզապես խելացի աշխատակից երևալ: Խիստ դասական պիջակ պարտադիր չէ: Այն կարող է ժամանակակից գույներ ունենալ, ինչու ոչ՝ թեթև սպորտային ձևվածքով: Միջին օղակի մենեջերները, ըստ էության, չեն կարող իրենց թանկարժեք աքսեսուարներ թույլ տալ, հետևաբար, նրանք պետք է գլխավոր շեշտը դնեն վերնաշապիկի վրա: Մեր իրականության մեջ հաճախ կրկնվող սխալներից մեկն էլ հենց սա է. մարդիկ մտածում են՝ կարելի է գնել ցանկացած վերնաշապիկ, քանի որ ոչ ոք չի հասկանա տարբերությունը:
Կանայք ևս կարող են ներկայանալ պիջակով և վերնաշապիկով, կամ՝ կոստյումով՝ պիջակ և կիսաշրջազգեստ: Ինչպես կազմվածքն ընդգծելու, այնպես էլ անհրաժեշտ չափաբաժնով պաշտոնական տեսք ունենալու համար շահեկան է գրավչությունն ու կանացիությունն արտահայտել բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստով: Խստորեն արգելվում է սեքսուալություն դրսևորել. այս պարագայում ամեն ինչ պետք է զուսպ լինի: