Տղամարդը հեռանում է՝ թողնելով բոլոր դժվարությունները կնոջը

Մեր օրերում ամուսնալուծություններն ու հարաբերությունների խզումը որքան էլ տարածված ու սովորական դառնում, այնուամենայնիվ այն անհետևանք չի մնում, և գրեթե միշտ բաժանման պատճառով կինը կամ տղամարդը խորը հոգեբանական ապրումների, ծանր կացության մեջ են հայտնվում:
Ահա այս թեմայի շուրջ LoveYou.am-ը զրուցեց «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ, փորձեցինք հասկանալ, թե զույգերից ով է ավելի ծանր տանում բաժանումը: Հոգեբանը, նկատեց, որ այստեղ ազգային առանձնահատկության գործոնը շատ մեծ է և ստույգ վիճակագրություն չկա սրա հետ կապված:
«Մեր երկրում, հաշվի առնելով ավանդույթային, մշակութային առանձնահատկությունները, թե ինչ դեր ունի տղամարդը կամ կինը, և ովքեր ունեն ավելի շատ հնարավորություններ, ում է տրված սոցիալական կարևորությունը, որպես կանոն, կինը միշտ տուժողի դերում է հայտնվում: Տղամարդուն, կարծես, թույլատրելի է, ելնելով որսի հոգեբանությունից, նորից որս կատարել, իսկ կնոջ համար հետագայում նորից քայլ կատարելու ճանապարհները, կարծես, փակված են: Այդ առումով կանայք ավելի ծանր են տանում՝ պայմանավորված իրենց ապագան կառուցելու անորոշությամբ : Բացի դրանից կինն ավելի հուզական էակ է, ավելի հակված է մթնոլորտի պահպանմանը, ջերմություն տալուն: Մանավանդ, մեր հանրության մեջ կանայք երբ որ ամուսնանում են, իրենց թվում է՝ տղամարդը դառնալու է այն մեկը, ինչպիսին իրենց հայրն է եղել, երբ իրենք փոքր էին: Մտածում են, որ ամուսինը պետք է անընդհատ իրենց հանդեպ ուշադիր լինի, իրենց փոխարեն որոշումներ կայացնի, շրջապատ, հարաբերություններ, ֆինանսական ապահովվածություն և այլն: Երբ որ կորցնում են կողակցին, ունակ չեն լինում ոչինչ անելու, քանի որ նախկինում կարևորագույն դերը տված են եղել ամուսնուն:
Ես, իհարկե, խոսում եմ մեծամասնության մասին. կան կանայք, որոնք բոլորովին այդպիսին չեն: Հետո կնոջ համար երեխաների խնամքի հարցով պայմանավորված, ավելի դժվար է: Տղամարդը հեռանում է՝ թողնելով այդ բոլոր դժվարությունները կնոջը: Եթե անգամ ֆինանսական առումով շարունակում են հոգալ, միևնույն է, մնացած ամեն ինչն անում է մայրը: Թեպետ, սա ևս բոլորին չի վերաբերում»:
Հոգեբանը, խոսելով նմանատիպ դեպքերի, իրավիճակների մասին, նկատեց, որ սրանք ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում միանշանակ չեն, և տղամարդը նույնքան խորը ապրումային վիճակի մեջ կարող է ընկնել բաժանման հետևանքով:
«Իմ պրակտիկայում եղել են այնպիսի տղամարդիկ, որոնք շատ ավելի դժվարությամբ են հաղթահարել այս փուլը, խորը կապվածություն են ունեցել կնոջ նկատմամբ, սպասումներն այլ են եղել, ավելի ընտանեպաշտ են եղել ու այս ամեն ինչից հետո խորը հոգեբանական ապրումների մեջ են հայտնվել»:
Զրույցի վերջում հոգեբանը խոսեց նաև մի բացասական երևույթի մասին, որը ևս հանգեցնում է ամուսնալուծության, հարաբերությունների խզման:
«Մի հոգեբանական երևույթի մասին էլ պիտի խոսեմ. հարաբերություններում գոյություն ունեն դահիճ և զոհ հոգեկան շղթա: Տղամարդկանց տեսակ կա, որոնք, դահճի դերը ստանձնելով, բռնության ենթարկելով, իրենց կարևոր են զգում: Երբ որ երկար շարունակվում է և զոհը հեռանում է, իրենք այդ դերի մեջ մենակ են մնում, խաղը կտրվում է և ծանր հոգեվիճակի մեջ գցում վերջիններիս: Կինը հասունանում է, հասկանում է, որ պիտի դուրս գա այդ խաղից: Այս դեպքում, երբ որ այս տեսակը զրկվում է իր զոհից, սկսում է տանջվել, որովհետև չկա զոհը ում հաշվին նա ինքնահաստատվում էր»:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions