Կոնֆլիկտներն ընտանիքում կարող են դառնալ վախկոտության պատճառ

Վախի զգացողությունը դրված է մարդու մեջ բնությունից: Այն հատուկ է բոլորին, քանի որ յուրաքանչյուրն էլ կարող է վախենալ ինչ-որ բանից։ Ինչի՞ց են վախենում երեխաները, որո՞նք են վախերի պատճառները, ինչպե՞ս օգնել նրանց, որ հաղթահարեն այն. ահա այս թեմայի շուրջ Loveyou.am-ը զրուցեց «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ: «Երբ որ երեխան լույս աշխարհ է գալիս, վախը՝ որպես բնազդային հույս, իր հետ ծնվում է: Ինքնապաշտպանական բնազդը գենետիկորեն դրված է մարդու մեջ, այսինքն՝ պահպանել իր տեսակը բնության մեջ: Տարիքային զարգացմանը զուգընթաց վախը փոփոխությունների է ենթարկվում:

Օրինակ, մինչև մեկ տարեկան երեխայի համար օրինաչափ է, որ պետք է վախենա բարձր ձայնից, մենակ մնալուց: 1-2 տարեկանում երեխան սկսում է վախենալ կենդանիներից, 3-5 տարեկանում վախենում է մուլտֆիլմերի հերոսներից և այլն, 7-8 տարեկանում սկսում է ձևավորվել մահվան նկատմամբ վախը: Սրանք օրինաչափ վախերն են, որոնք ըստ հետազոտությունների, պետք է առկա լինեն: Բացի այդ, երեխայի տարիքային զարգացման մեջ գոյություն ունեն նաև իրավիճակային վախեր: Ենթադրենք՝ երեխան մի անգամ ջրի մեջ է ընկել, վախենում է ջրից, կամ ընկել է բարձր տեղից՝ շարունակում է վախենալ բարձրությունից: Սակայն, տարիքի հետ այս վախերը պետք է ձևափոխվեն, պետք է անհետանան՝ փոխարինվելով այլ վախերով, սակայն ծնողների ոչ ճիշտ մոտեցման արդյունքում այս վախերը ոչ թե անհետանում են, այլ ավելի են խորանում: Արդյունքում մենք ունենում ենք ոչ թե երեխա, որը ունի վախեր, այլ վախկոտ է: Այս երեխան այլևս ինքնավստահ, համարձակ չէ, չի կարողանում գործել տարբեր իրավիճակներում, հաղթահարել առաջադրվող խնդիրները: Այս դեպքում շատ տարածված են ներշնչվող վախերը: Երբ որ երեխան ընկնում է մենք հաճախ չենք փորձում բացատրել, որ նա դրանով ուժեղացավ, իմացավ՝ ինչ է ընկնելը կամ բոլորն էլ ընկնում են, ցավը սարսափելի չէ, չէ որ ընկավ ու վեր կացավ: Սրա փոխարեն մենք խուճապի ենք մատնվում՝ երեխայի մոտ դնելով հավելյալ ինքնապաշտպանական բնազդ, ցույց տալով, որ շատ վատ բան է ընկնելը: Այս դեպքում սովորական քայլելիս երեխայի մոտ կարող է վախ առաջանալ, որ կընկնի: Այսինքն՝ փոխանակ հաղթահարեինք, ավելի ամրապնդեցինք: Կամ եթե մենք վախենում ենք շնից, քամուց՝ առանց գիտակցելու բարձրաձայն խոսում ենք դրա մասին երեխայի մոտ: Այսպես, երեխային ներշնչում ենք հավելյալ վախեր, այն դեպքում, երբ պետք է վերջինիս դրական տրամադրենք կյանքի, աշխարհի նկատմամբ: Կամ ինչպե՞ս ենք վարվում, երբ պատժում ենք երեխային: Օրինակ, պապան կգա նոր կիմանաս, մեշոկ պապին կգա, ես կվատանամ, կգնամ էլ չեմ գա, կտանեմ կգցեմ մանկատուն: Սրանք ներշնչվող վախերի պատճառներ են, որոնցով մենք բարդացնում ենք երեխայի վիճակը: Էլ չեմ ասում, որ այսկերպ մենք կարող ենք երեխային հասցնել մինչև նյարդային խնդիրների ձեռքբերման, այնինչ երեխային պետք էր ընդամենը բացատրել: Սովորաբար վախի հիմքում ընկած է ինֆորմացիայի պակասը. եթե երեխային շունը կծեց, մենք ինֆորմացիա պիտի տանք, պատմություններ պատմենք, թե ինչպես է շունը հրդեհի կամ այլ իրավիճակում փրկել մարդու կյանքը և այդ անգամ որ կծեց, դեռ չի նշանակում, թե շները կծող են: Կամ ֆիլմ, մուլտ ենք նայել, լսել ենք, որ մթության մեջ կան հրեշներ, և սա ամրապնդվել է: Երբ ծնողը բացատրում է, որ մթության մեջ հաճելի է քայլել, որ այդկերպ մենք կարողանում ենք հաղթահարել անորոշությունը կամ մթության մեջ մենք մենակ ենք, որից ևս կարող ենք հաճույք ստանալ, կարող է փոխել երեխային: Կան նաև վախեր որոնց ետևում թաքնված են համոզմունքները: Օրինակ, համոզմունք կա, որ սև շորերով, սև գլխարկով մարդը չար մարդ է, նրանից պետք է վախենալ, բայց երբ փոխում ենք համոզմունքը, հաղթահարում ենք վախը: Առհասարակ, երեխայի վախի հաղթահարման հարցում շեշտը հիմնականում դրվում է ծնողների վրա: Հաճախ երեխայի նկատմամբ գերխնամքը կարող է հանգեցնել վախկոտության: Այս երեխաները ժամանակի ընթացքում զկվում են ինքնավստահությունից, ինքնուրույն գործելու հնարավորությունից, փորձառությունից: Մինչդեռ երեխան պիտի ընկնի, որ իմանա ինչ է ցավը, պիտի ինչ-որ ժամանակ այրի ձեռքը, որ հասկանա կրակը վտանգավոր է: Սրա հակառակ դեպքը երեխայի բարձիթողի վիճակն է, երբ ծնողը բացարձակ չի հետաքրքրվում երեխայով, կարևորը սնունդը, հագուստ-կապուստը տեղը լինի: Սակայն հուզական հաղորդակցություն չկա, երեխան մերժված է և երբ շրջապատող աշխարհի մասին ինֆորմացիա տվող չկա, երեխան զգում է իրեն մենակ, և վախերն ավելի գերիշխող են դառնում:

Վախերի պատճառներից մեկը մշտական կոնֆլիկտներն են ընտանիքում: Սա բազային վախվորած երեխայի հոգեվիճակն է, երբ ամեն ինչից վախենում են, անգամ ինքնուրույն զուգարան չեն գնում: Ամեն մի կոնֆլիկտին ականատես լինելը երեխայի թիկունքից հարված է, նա անպաշտպան միջավայրում է գտնվում»: Զրույցի վերջում հոգեբանն անդրադարձավ նրան, թե ինչպես պետք է տարբերակել երեխայի մոտ տարիքային օրինաչափ վախ է, թե պաթոլոգիկ: «Երբ երեխան անընդհատ սփրթնած կամ կարմրած է, տառապանք կա դեմքին, մի տեսակ վախի արտահայտություն, քրտնած վերջույթներ, մեկուսացած է, չի ուզում շփվել, առաջատար գործողություններ չի կարողանում կատարել, չի կենտորնանում դասերի վրա, չի կարողանում խաղալ մինչև վերջ կամ ագրեսիվ է, ջարդում է ամեն ինչ, անընդհատ խոսում է մշտական թեմաներից, սենյակից սենյակ չի կարողանում գնալ, այս դեպքում հոգեբանները նախ աշխատում են ծնողների հետ, փորձում են հասկանալ մայրն ինչ հոգեվիճակում է գտնվում, ինչպես են պատժում կամ խրախուսում երեխային: Ի դեպ, վախը հաղթահարող միջոց է շարժումը: Օրինակ, գյուղի երեխաներն ավելի անվախ են, որովհետև ավելի շատ են շարժվում՝ ծառից ծառ, բարձրություն, քարից քար: Նրանք սկսում են զգալ տարածության մեջ իրենց մարմինը»- եզրափակեց մասնագետը:

© LoveYou.am
Խոյ Խոյ
Ցուլ Ցուլ
Երկվորյակներ Երկվորյակներ
Խեցգետին Խեցգետին
Առյուծ Առյուծ
Կույս Կույս
Կշեռք Կշեռք
Կարիճ Կարիճ
Աղեղնավոր Աղեղնավոր
Այծեղջյուր Այծեղջյուր
Ջրհոս Ջրհոս
Ձկներ Ձկներ
Suggestions